Լուսինը Երկիր մոլորակի միակ և Արեգակնային համակարգի մեծությամբ հինգերորդ բնական արբանյակն է։ Ունենալով Երկրի տրամագծի 27%-ը և խտության 60%-ը՝ Լուսինն ունի Երկրի զանգվածի 1⁄81-ը։ Միջին հեռավորությունը Երկրի և Լուսնի կենտրոնների միջև կազմում է 384 467 կմ։ Գիշերները այն արտացոլում է Արեգակի լույսը երկրագնդի այն կիսագնդում, որտեղ չեն հասնում Արեգակի ճառագայթները։ Լուսինն իր խտությամբ երկրորդ արբանյակն է Յուպիտերի Իո արբանյակից հետո։
Լուսինը Երկրի հետ սինքրոն պտույտի մեջ է՝ մշտապես շրջված լինելով դեպի մոլորակը միևնույն կողմով։ Այն Արեգակից հետո ամենապայծառ մարմինն է երկնքում, չնայած այն հանգամանքին, որ նրա մակերևույթը իրականում շատ մուգ է և արտացոլման գործակցով մոտ է ածխին։